Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կուսակցությունն իմ ատենապետության տարիներին այսքան հաջողությունների է հասել ու քաղաքական դաշտում իրեն արժանի տեղ է զբաղեցրել»

«Կուսակցությունն իմ ատենապետության տարիներին այսքան հաջողությունների է հասել ու քաղաքական դաշտում իրեն արժանի տեղ է զբաղեցրել»
06.10.2009 | 00:00

Արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում` ընդհուպ ատենապետի հեռացման մասին։ Օրերս տեղի ունեցած 19-րդ համագումարը որոշակի հստակություն մտցրեց. դեռևս ՍԴՀԿ ատենապետ է մնում ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, չնայած կրկին շարունակվում են նրա «պաշտոնանկության» մասին խոսակցությունները։ Տիկին Սարգսյանից փորձեցինք պարզել, թե համագումարից հետո կարելի՞ է համարել, որ ներկուսակցական տարաձայնությունները հարթված են։
-Համագումարում ընդհանրապես նման թեմա չի շոշափվել։ Այն գրեթե լիովին նվիրվել է հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մադրիդյան սկզբունքների մերժմանը, Ջավախքի խնդիրներին, այսինքն` ազգային ու պետական հարցեր, որոնք, բնականաբար, ավելի շատ են հուզում ՍԴՀԿ-ին, քան ներկուսակցական խնդիրները։ Լրջագույն քննարկումներ եղան, բանաձևեր, որոշումներ ընդունվեցին, որոնք արդեն հրապարակվել են։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունը վերջին երկու տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել, իսկ փաստն այն է, որ այդ տարիներին ատենապետը ես եմ եղել։ Իհարկե, այդ ամենը չեմ ուզում վերագրել միայն ինձ։ Այսօր ունեմ կայացած թիմ, որը ևս նպաստել է կուսակցության հեղինակության բարձրացմանը։
-Այն կուսակիցները, ովքեր միայն վերջերս են անդամագրվել ՍԴՀԿ-ին, նույնպես նպաստում են այդ հեղինակության բարձրացմանը։
-Իհարկե։ Յուրաքանչյուր անձ, ով քաղաքական դաշտում դերակատարություն ունի ու նվիրումով է մտել կուսակցություն, միանշանակ նպաստել է կուսակցության զարգացմանը։ Սա հերքել չի կարելի։ Սակայն այն, որ ես եմ ատենապետը եղել, ու այդ մարդիկ անդամագրվել են հենց այդ ժամանակահատվածում, խոսում է այն մասին, որ մեր քաղաքական ուժի մեջ տեսել են ներուժ, ինչը նաև իմ անձով է պայմանավորված։
-Գուցե հատուկ նպատակո՞վ են վերջիններս «գործուղվել» կուսակցություն։ Նման տրամադրվածություն չե՞ք նկատել։
-Չեմ ուզում նման բան մտածել, քանի որ դա չեմ էլ տեսել։ Առայսօր նրանցից յուրաքանչյուրը (անուններ չեմ տալիս) ազնվորեն ծառայել է կուսակցությանը, ընդդիմադիր շարժմանը։ Անշուշտ, գուցե ՍԴՀԿ-ին չանդամագրվեին, եթե այն ՀԱԿ-ի անդամ չլիներ ու հստակ ընդդիմադիր կեցվածք չունենար։ Ողջունում ու շատ կարևորում եմ նրանց ներկայությունը կուսակցությունում։ Կարծում եմ` նրանցից յուրաքանչյուրն էլ պետք է կարևորի ինձ, ինչը մինչ այսօր այդպես էլ եղել է։
-Համագումարից հետո առավել հաճախակի է մամուլն անդրադառնում Ձեզ ատենապետությունից հեռացնելու խնդրին։ Այն հնարավոր է համարում նաև առաջիկայում հայաստանյան կառույցի համագումարի ժամանակ։ Ձեր արձագանքը։
-Անկեղծ ասած, առաջին հրապարակումից հետո զարմացա, որովհետև այդպիսի տրամադրություն չեմ նկատել, հետո էլ պետք է հիմնավորումներ լինեն, թե ինչու, քանի որ կուսակցությունն իմ ատենապետության տարիներին այսքան հաջողությունների է հասել ու քաղաքական դաշտում իրեն արժանի տեղ է զբաղեցրել։ Համագումարը հայաստանյան կառույցի աշխատանքը գնահատել է շատ դրական, որը պայմանավորված է նաև ինձանով։ ՈՒստի ի՞նչ հիմքերով պետք է լինի նման պահանջը։ Երբեք ղեկավարին չեն փոխում, եթե նա հաջողակ է ու ազնվորեն ծառայում է կուսակցությանը։
-Գուցե հիմքն այն է, որ ուզում են ատենապետի տեղը զբաղեցնել։
-Չեմ բացառում, որ այդպիսի ցանկություն ունեցողներ կան։ Խոսքս նոր անդամագրվածների մասին չէ, նրանցից ոչ մեկը, կարծում եմ, այդպիսի ակնկալիք չունի։ Իսկ այդպիսի լուրեր տարածողները, վստահ եմ, ուղղորդված են իշխանությունների կողմից։ Իշխանությունները լրջագույնս զբաղվում են կուսակցությունով։ Նրանց հուզում է մեր պահվածքը, քանի որ մենք առանցքային կուսակցություն ենք ՀԱԿ-ում ու ավանդական քաղաքական ուժ ենք։ Նրանք կերազեին, որ մենք լինեինք նոր ձևավորվող երրորդ ուժի մեջ, որն իրենց կողմից է ստեղծվում։ Սակայն մենք երբեք դավաճանի պիտակը մեզ վրա չենք վերցնի։ Հստակ է, որ իշխանությունը ցանկանում է պառակտել կուսակցությունը։
-Ձեզ համարում են նաև ՀԱԿ-ի հետ ՍԴՀԿ-ն ամուր կամրջող անձ, ուստի այն ենթադրությունը, թե հնարավոր է, որ հնչակները կոնգրեսի հետ կապված դիրքորոշումը վերանայեն, անմիջականորեն կապ ունի Ձեզ հեռացնելու հետ։
-Այն մարդը, ով այդօրինակ ստահոդ լուրեր է տարածում, ընդդիմություն լինելու ցանկություն չունի ու կցանկանար, որ հնչակյան կուսակցությունը դուրս գար ՀԱԿ-ից։ Հավանաբար, այս նպատակով ևս պախարակում է ինձ։ Երբևիցե որևէ մեկն ինձ չի կարող մեղադրել ամբիցիաներ ունենալու մեջ։ Ես հեշտ շփվող մարդ եմ, հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր կուսակիցներին։
-Համագումարի ընթացքում եղա՞ն հարցեր կամ մտահոգություններ, որոնց առնչությամբ սփյուռքը հայաստանյան կառույցի հետ անհամաձայնություններ ուներ։
-Հիացած եմ մեր սփյուռքով, որն այդքան տեղեկացված է հայաստանյան կառույցի աշխատանքներով, շատ լավ ընկալում է առկա խնդիրները։ Մենք միակարծիք էինք մեր որոշումների մեջ։ Համագումարում արձանագրությունները, կարելի է ասել, ընդունվեցին 99 տոկոս կողմով։
-Ե՞րբ է նախատեսվում ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարը։
-Օրը դեռ հստակեցված չէ, բայց, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։ Ես վախենալու բան չունեմ։ Վերջին հաշվով, կառչած չեմ այս տեղից։
-Ի՞նչ հարցեր են քննարկվելու այդ համագումարում։
-Վերլուծվելու է Հայաստանի ընդհանուր քաղաքական վիճակը, հստակ հետևելու ենք արդեն ընդունված որոշումներին։ Ավելի շատ կազմակերպչական հարցեր կքննարկվեն, ու նոր վարչության ընտրություն կլինի, որը կընտրի նաև ատենապետին։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ